«Երկրները մեկ հարկի տակ» փառատոն -ցուցահանդես – համաժողով-մրցանակաբաշխություն

edit

«Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա փառատոն-ցուցահանդես-համաժողով- մրցանակաբաշխությունն իր բնույթով բացառիկ և Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող նախագիծ է, որը համախմբում է բազմակի ոլորտներ, ծառայություններ, նախագծեր: «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդես-համաժողով- մրցանակաբաշխությունը մեկնարկել է 2011 թվականին, որն իրականցվում է «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի կողմից: Միջոցառումը ՀՀ և արտերկրից ժամանած գործարարների համար հնարավորություն է ընձեռում ներկայացնել իրենց ծառայություններն ու արտադրանքը, քննարկել հետագա համագործակցության եզրերն արտահանման, ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում: Միջոցառումն ունի նաև մի քանի նպատակ` ՀՀ –ում դիվանագիտական կառույցներին ծանոթացնել ՀՀ ներդրումային ծրագրերին, ներկայացնել երկրի էթնիկ առանձնահատկությունները, ինչպես նաև ստեղծել բաց հարթակ ծրագրում ընդգրկված հետևյալ ոլորտների և կազմակերպությունների համար`

  • ծառայությունների մատուցում
  • կրթություն,
  • ագրոոլորտ,
  • բանկային համակարգ,
  • սննդաարդյունաբերություն,
  • թեթև արդյունաբերություն,
  • ոսկերչություն և ադամանդագործություն,
  • հանքարդյունաբերություն,
  • հիդրոկայաններ, էներգետիկա,
  • շինարարություն,
  • տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  • առողջապահություն և բժշկություն,
  • մշակույթ,
  • տուրիզմ,
  • արտաքին կապեր,
  • զանգվածային լրատվամիջոցներ:

Փառատոն-ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխությունն ինքնին մեծ հնարավորություն է ստեղծում ՀՀ և օտարերկրյա ընկերությունների միջև գործարար կապեր հաստատելու և համագործակցելու համար: Ծրագրի շրջանակներում տեղական և արտերկրից ժամանած ընկերությունները ներկայացնում են իրենց ծառայությունները և արտադրանքը բացօթյա ցուցահանդեսին, որի հաջորդող օրը տեղի է ունենում բիզնես – համաժողովը: Համաժողովին ելույթներով և զեկույցներով հանդես են գալիս կառավարության անդամները և գործարարները: Քննարկվում և զեկուցվում են տարբեր թեմաներ ներդրումային ու արտահանման ծրագրերի շուրջ : Նախագիծը հնարավորություն է տալիս նաև ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս գործող կառույցներին քաջալերել` շնորհելով խրարուսական հավաստագրեր և համապատասխան անվանակարգերով մրցանակներ:

Այս 6 տարիների ընթացքում ծրագիրը գրանցել է լուրջ և փաստացի արդյունքներ. նպաստել է մի շարք ընկերություններին շուկայի ընդլայնման և արտահանման իրականացման հարցում, ինչպես օրինակ «Արարատ ֆրուտ» ընկերությունը, որ սկսեց իր նռան հյութերի արտահանումը Մարսել քաղաք: ՌԴ-ի հետ ևս մի շարք ոլորտներում կնքվել են արտահանման պայմանագրեր` այդ թվում պահածոյագործության և տեքստիլի ոլորտում:

Մարսելի ԱԱՊ-ից ժամանած գործարարների կողմից ներդրվել է կրթական ծրագիր, որի շրջանակներում բացվել է ֆրանսիական համալսարանին կից արհեստագործության և արվեստավարժության ուսումնարան: Արտերկրում փորձի փոխանակման հնարավորություն են ստացել բժշկական ոլորտի մասնագետներ: Իրականացվել են ներդրումներ բիոլոգիական տեխնոլոգիաների ոլորտում, և հայ - պարսկական համագործակցության ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Արմեն Բիոթեք» բրենդը և ընկերությունը, որը շուրջ 2 տարի արտադրում է բիոլոգիական պարարտանյութեր՝ այսօր արդեն իր ուրույն տեղը գտնելով հայկական շուկայում և դրա սահմաններից դուրս:

Ներդրումներ են իրականացվել նաև մսամթերքի ոլորտում: Ռումինիայի “Ալդիս” ընկերության կողմից ՀՀ-ում կազմակերպվել է մսամթերքի արտադրություն՝ հագեցված նորագույն տեխնոլոգիաներով և ժամանակակից սարքավորումներով:

Տուրիզմի ոլորտում փոխադարձ այցեր են կատարվել արաբական երկրներ՝ Եգիպտոսի Արաբական հանրապետություն, որի շրջանակներում Եգիպտոսի տուրիզմի նախարար Զազուի հետ կնքվեց համաձայնագիր՝ ի հավաստումն երկու պետությունների տուրիզմի խթանման: Դա առիթ դարձավ, որ 2015 թվականին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխադարձ այցով մեկնեց Շարմ Էլ Շեյխ համաշխարհային տնտեսական համաժողովին՝ հանդիպումներ ունենալով երկրի նախագահի և վարչապետի հետ:

Հնդկական համագործակցության ծրագրերի շրջանակներում տեղի են ունեցել «Հնդկաստանի շունչը Հայաստանում» հայ-հնդկական համատեղ համաժողովներ և ցուցահանդեսներ, մշակութային ծրագրեր, որոնք տևել են շուրջ մեկ ամիս:

Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է այց Արաբական Միացյալ Էմիրություններ ոսկերչության ոլորտի խթանման և տարածման նպատակով: Փառատոնի շրջանակներում իրականացված ողջ աշխատանքները, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը նպաստող նախաձեռնություններն ու քննարկումներն ուղղված են եղել ի շահ ՀՀ տնտեսության զարգացմանը, նրա բարօրությանը և գործարար ոլորտի՝ արտադրության, տուրիզմի, կրթական ծրագրերի, մշակույթի, բնապահպանության ամրապնդմանն ու զարգացմանը: Այս նախագծի արդյունքում նաև իրականացվել են մի շարք բարեգործական ծրագրեր. աջակցություն ցուցաբերելով սիրիահայ անապահով ընտանիքներին` տրամադրվել է դրամական օգնություն, անվճար տաղավարներ և այլն: